ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանում փոխնակ մայրության հետ կապված բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են «Վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։ Մեկ իրավական ակտով կարգավորվող գործընթացի շնորհիվ փոխնակ մայրության ծրագրերը հնարավորինս հարթ են ընթանում ապագա ծնողների համար, իսկ նրանց իրավունքները ճանաչվում են փոխնակ մոր հետ պայմանագրի կնքելուց անմիջապես հետո: Փոխնակ մոր հետ կնքվող պայմանագիրը վավերացվում է նոտարական կարգով, իսկ ծրագրի իրականացման պարզ ընթացակարգի շնորհիվ Հայաստանը համարվում է իդեալակակն վայր, որտեղ արժե իրականացնել փոխնակ մայրության ծրագիրը:
Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս երեխայի ծնվելուց անմիջապես հետո երեխային հանձնել ապագա ծնողներին, իսկ ԴՆԹ թեստի պատասխանն ստանալուց անմիջապես հետո դուրս գրվել ծննդատնից։ Պարզեցված մոտեցումը նվազեցնում է լրացուցիչ նոտարական համաձայնագրերի կնքման և երկարատև դատական որոշումների ընդունման անհրաժեշտությունը: Այսպիսով, Հայաստանը օրենսդրական բարենպաստ դաշտ է ստեղծել փոխնակ մայրերի միջոցով երեխա ունեցող ապագա ծնողների համար, ինչը նշանակում է ապագա ծնողների համար ավելի քիչ սթրեսի ենթարկվել և ավելի շատ կենտրոնանալ իրենց նորածին երեխային դիմավորելու ուրախության վրա:
Որո՞նք են Հայաստանում փոխնակ մայրերի միջոցով երեխա ունենալու իրավական առավելությունները
I. Պարզեցված իրավական գործընթաց
Հայաստանն առաջարկում է փոխնակ մայրության պարզ իրավական գործընթաց: Ապագա ծնողներն անմիջապես ճանաչվում են որպես օրինական ծնողներ՝ երեխան ծնվելու փաստով, առանց որևէ լրացուցիչ նոտարական կամ դատական գործընթացի:
II. Ծննդյան վկայականի ուղղակի գրանցում
Փոխնակ մոր միջոցով ծնված երեխայի ծննդյան վկայականը տրվում է ՀՀ ցանկացած ՔԿԱԳ բաժնի կողմից, անկախ նրանից՝ որ պետությունից են ծնողները կամ ծնողը։ Ծննդյան վկայականները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով, իսկ բնօրինակ տեսքով ապագա ծնողները կարող են ստանալ ցանկացած ՔԿԱԳ բաժնից։
III. Ծնողական իրավունքների երաշխավորում
Հայաստանում օրենսդրական դաշտը երաշխավորում է ապագա ծնողների իրավունքները՝ առանց երկիմաստությամբ ճանաչելով ամուսնության մեջ գտնվող ծնողների, միայնակ կանանց կամ տղամարդկանց ծնողի իրավունքը փոխնակ մոր միջոցով երեխա ունենալու դեպքում։ Երեխայի ծննդականում գրանցվում են երկու ծնողները՝ ամուսնական զույգի դեպքում, իսկ միայնակ տղամարդու կամ կնոջ դեպքում՝ համապատասխանաբար միայնակ տղամարդու կամ կնոջ տվյալները։
IV. Իրավական աջակցություն
Ապագա ծնողները փոխնակ մայրության գործընթացի շրջանակներում հնարավորություն ունեն փորձառու փաստաբանից ստանալ աջակցություն, այդ թվում իրենց երկրի օրենսդրության վերաբերյալ: Փոխնակ մոր հետ կնքվող պայմանագրերի ճիշտ ձևակերպումները լրացուցիչ երաշխիք են անվտանգ ճանապարհորդության, իսկ վեճերը լուծվում են արբիտրաժում, ինչը հնարավորություն է ընձեռում ապագա ծնողներին՝ իրենց լեզվով և հեռավար կարգով լիարժեք պաշտպանել իրենց շահերը։
V. Միջազգային ճանաչում
Հաշվի առնելով Հայաստանի համապատասխանությունը միջազգային իրավական չափանիշներին՝ այստեղ տրված բոլոր փաստաթղթերը և ընթացակարգերը լայնորեն ճանաչված են այլ երկրների կողմից, ինչը շատ կարևոր է Հայաստանից դուրս ապրող ծնողների համար:
VI. Գաղտնիություն
Հայաստանի օրենսդրությունը հարգում է փոխնակ մայրության գործընթացում ներգրավված բոլոր կողմերի գաղտնիության իրավունքը: Փոխնակ մայրության պայմանագրի մանրամասները գաղտնի են պահվում՝ բոլոր ներգրավված կողմերի ինքնությունը և անձնական տվյալները պաշտպանելու համար: