ՈՎՔԵ՞Ր ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ՕԳՏՎԵԼՈՒ ՓՈԽՆԱԿ ՄՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

2025-03-07

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՑ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏՎԵԼ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԶՈՒՅԳԸ, ԵԹԵ ԻՐԵՆՑԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԱՊԱԳԱ ԵՐԵԽԱՅԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾՆՈՂԸ

 

Հայաստանի Հանրապետությունում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող զույգը՝ փոխադարձ համաձայնությամբ, եթե չի լրացել ամուսիններից առնվազն մեկի 55 տարեկանը, անկախ ամուսիներից որևէ մեկի  քաղաքացիությունից։ Այս կանոնն ունի բացառություններ, որոնք ներկայացնում ենք ստորև՝

 

Հայաստանի Հանրապետությունում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից չի կարող օգտվել հղիությունը կրելու բժշկական հակացուցում չունեցող կինը.

 

Այս բացառությունը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից չի կարող օգտվել ամուսնության մեջ գտնվող զույգը, եթե կինը հղիությունը կրելու բժշկական հակացուցում չունի (այս բացառությունը գործում է նաև միայնակ կնոջ դեպքում)։ Այսպես ասած, եթե կինը կարող է ինքնուրույն կրել հղիությունը, ապա Հայաստանի Հանրապետության տարածքում նա չի կարող օգտվել փոխնակ մոր ծառայությունից։ Հավելենք, որ այս բացառությունը գոյություն ունի բազմաթիվ երկրներում, որտեղ գործում է տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրություն։ Ներկայումս վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար ամուսինները պարտավոր են փոխնակ մոր հետ պայմանագիր կնքելու համար նոտարին ներկայացնել փաստաթուղթ առ այն, որ կինն ինքնուրույն չի կարող կրել հղիությունը։ Ընդ որում հղիության կրման հակացուցումը կարող է կապված լինել ինչպես կնոջ առողջության, այնպես էլ հոգեբանական վիճակի հետ։ Երկու դեպքում էլ անհրաժեշտ է համապատասխան մասնագետի եզրակացությունը, որի հիման վրա ԱՄԲ կլինիկան տրամադրում է կնոջ հղիության կրման հակացուցման վերաբերյալ փաստը հաստատող փաստաթուղթ, նշելով տրամադրվող փաստաթղթի հիմքերը։

 

Հայաստանի Հանրապետությունում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից ազգությամբ հայ չհանդիսացող օտարերկրացիները կարող են օգտվել միայն ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող փոխնակ մոր ծառայությունից։

 

Այս բացառությունը կիրառելիս, նախ և առաջ պետք է հասկանալ, թե արդյո՞ք ամուսնության մեջ գտնվող զույգերից երկուսն էլ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ազգությամբ հայ, թե ոչ, ընդ որում բացառությունը գործում է, անգամ եթե ամուսիններից մեկը Հայաստանի քաղաքացի կամ ազգությամբ հայ չէ։ Ազգությամբ հայ լինելու փաստը հաստատող հանգամանքը կարգավորվում է քաղաքացիության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Հատկանշական է, որ անձը համարվում է ազգությամբ հայ, եթե անգամ փոքր տոկոս հայի գեն ունի։ Եթե Դուք ազգությամբ հայ եք, ապա ԱՐՆԻ փոխնակ մոր և ձվաբջջի դոնորության գործակալությունը կօժանդակի Ձեզ անհրաժեշտ փաստաթղթերի ձեռք բերման հարցում։ Սակայն այս բացառությունը խոչընդոտ չի հանդիսանում օտարերկրացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանում օգտվել փոխնակ մոր ծառայություններից, քանի որ ԱՐՆԻ փոխնակ մոր և ձվաբջջի դոնորության գործակալությունը ապագա ծնողներին տրամադրում է օտարերկյա քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայ կամ այլ ազգությամբ փոխնակ մայրեր։

 

Օտարերկրացիների դեպքում գոյություն ունի ևս մեկ կարևոր բացառություն, իրենք չեն կարող Հայաստանում օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից, եթե սաղմիկը ստեղծվել է երկկողմանի դոնորոկան կենսանյութերով։

 

Օրենսդրի նպատակը, ենթադրում ենք, կայանում է նրանում, որ զրոյացնեն այն ռիսկը, որ ապագա ծնողները կարող են չընդունել նորածնին և այդ դեպքում պետությունն է պարտավոր ստանձնել երեխայի խնամքը։ Տեսականորեն, մի գուցե նման ռիսկ գոյություն ունի, սակայն իրականում այդ ռիսկը զրոյական է, քանի որ երեխայի ապագա ծնողները ոչ թե միայն լուրջ ֆինանսական ներդրումներ են կատարում, այլ նաև ապագա երեխային հոգեբանորեն վերաբերվում են որպես կենսաբանական ծնողների։ Այս պահանջն ամրագրված է օրենսդրորեն և ԱՐՆԻ փոխնակ մոր և ձվաբջջի դոնորության գործակալությունն իրենց հաճախորդներին առաջարկում է «փոխնակ մայրության» ծրագրերն իրականացնել այլ պետություններում, տրամադրելով և՛ փոխնակ մայր, և՛ ապահովելով որակյալ բժշկական սպասարկում։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՑ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏՎԵԼ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԳՏՆՎՈՂ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՅՐԸ ԿԱՄ ՄԱՅՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող մինչև 55 տարեկան միայնակ տղամարդը և միայնակ  կինը: Ընդ որում և՛ միայնակ կինը, և՛ միայնակ տղամարդը Հայաստանի Հանրապետությունում կարող են օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից անկախ իրենց քաղաքացիությունից։ Այս իրավունքից կարող է օգտվել անգամ այն կինը, ով չի հանդիսանում ապագա երեխայի կենսաբանական ծնողը, սակայն եթե վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի է կամ ազգությամբ հայ է, որի ընթացակարգերի մասին վերը նշել ենք։ Այս կանոնը չի տարածվում միայնակ կանանց վրա, ովքեր կարող են ինքնուրույն կրել հղիությունը և միայնակ տղամարդկանց վրա, ովքեր չեն հանդիսանում ապագա երեխայի կենսաբանական ծնողը։     

 

ԵՎՍ ՄԵԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՆՁԻՆՔ՝  ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՈՉ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ, ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՑ

 

Ոչ կենսաբանական ծնողների դեպքում, փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքն օրենսդիրը վերապահել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կամ  ազգությամբ հայ օտարերկրացուն, ընդ որում այս պահանջը վերաբերում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող զույգերին։ Սույն կետում նշված անձինք փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել, եթե նախօրոք ստացել են միջգերատեսչական հանձնաժողովի թույլտվությունը։ Միջգերատեսչական հանձնաժողովի թույլտվության տրամադրման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման և թույլտվության ստացման համար կարող եք դիմել ԱՐՆԻ փոխնակ մայրության և ձվաբջջի դոնորության գործակալությանը։